Երևանում ֆուտբոլային տոն կլինի. երկրպագուները կտեսնեն համաշխարհային աստղերին
Հայաստան կգան ֆուտբոլային աստղեր Ռիվալդոն, Պաոլո Մալդինին, Էռնան Կրեսպոն, Ֆրանչեսկո Տոտին ու Գաբրիել Բատիստուտան։
Այս մասին Sputnik Armenia-ի հետ զրույցում նշել է «Փյունիկ» ակումբի սեփականատեր ու գործարար Արթուր Սողոմոնյանը, ով պատրաստվում է ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Հայաստանում, որին կմասնակցեն աշխարհահռչակ ֆուտբոլիստներն ու ոչ վաղեմի անցյալի աստղերը:
«Ես ուզում եմ, որ Հայաստանում ֆուտբոլային տոն լինի, մարդիկ ուրախանան այս խաղով ու խաղադաշտում տեսնեն իրենց կուռքերին: Դրա համար էլ կազմակերպվելու է ֆուտբոլային հանդիպումը, որին կմասնակցեն նախկինում հայտնի աստղերն ու լեգենդներն»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկից առաջ Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլային լեգենդների հանդիպում, որին կմասնակցեն միլիոնների խաղի ոչ վաղեմի անցյալի աստղեր Ռիվալդոն, Պաոլո Մալդինին, Էռնան Կրեսպոն, Ֆրանչեսկո Տոտին ու Գաբրիել Բատիստուտան: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այդ հանդիպումից մի քանի օր առաջ նույն աստղերի մասնակցությամբ ֆուտբոլային ներկայացում է կազմակերպելու Երևանում:
«Ես շատ լավ հասկանում եմ, թե Հայաստանում ինչքան են սիրում ֆուտբոլը: Դրա համար արեցինք հնարավորինը, որպեսզի համաշխարհային աստղերը ժամանեն Հայաստան ու ֆուտբոլային տոն մատուցեն հայ երկրպագուին»,- նշել է Սողոմոնյանը: