«Հայերը լավ ժողովուրդ են ու մեծ մշակույթ ունեն»․ հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով
Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ այսօր Մատենադարանում տեղի ունեցավ միջոցառում:
Պրոֆեսոր Մայքլ Սթոունը անվանի հայագետ է։ Նա հիմնադրել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ամբիոնը և Կրոնական հետազոտությունների ամբիոնը, ինչպես նաև հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը»։
Մայքլ Սթոունը հեղինակ է բազմաթիվ մեծարժեք հայագիտական ուսումնասիրությունների:
Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ:
«Ես սիրահարվեցի Հայաստանին: Առաջին բանը, որ ես դրսում ասում եմ հայերի մասին այն է, որ լավ ժողովուրդն են, գեղեցիկ երկիր է Հայաստանն ու մեծ մշակույթ ունեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց պրոֆեսոր Մայքլ Սթոունը։