Վերաբնակեցման ծրագրով Արցախում մշտական բնակություն է հաստատել 45 ընտանիք
Անցած տարի Արցախի տարածքում մշտական բնակություն հաստատած 45 ընտանիքների անդամների թիվը կազմում է 186 մարդ, որից 96-ը՝ երեխաներ, որոնց տրամադրված ֆինանսական արտոնությունները կազմել են 23 մլն 965 հազար ՀՀ դրամ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ 2017թ.-ին 10 տարի Արցախում մշտապես բնակված 102 ընտանիքների իրավունք է տրվել հատկացված բնակարանների սեփականաշնորհման համար:
«Վերաբնակեցման քաղաքականությունը 2018թ.-ին շարունակվելու է նոր թափով, քանի որ մեծ ծավալի բնակարանաշինական ծրագրեր են նախատեսվում: Պետական և բարեգործական միջոցներով ինտենսիվ կերպով բարելավում ենք վերաբնակեցված շրջաններում ապրող բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները: Վերաբնակեցումը համալիր ծրագիր է, և մարդկանց Արցախ հրավիրելուց առաջ պետք է ապրելու համար նորմալ պայմաններ ստեղծել: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ բոլոր վերաբնակիչները ձգտում են դեպի կայացած և բարեկարգ համայնքներ»,- ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը: