Շումախերական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է Հրազդան գետում. օգնել են տեղի բնակիչները
Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հեևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը: Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մինչ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում վարորդին, Բջնի գյուղի բնակիչները մի մարդու նման օգնության ձեռք մեկնեցին վարորդին՝ դեպքի վայր բերելով վերամբարձ կռունկ և քարշակ ու ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս բերեցին գետից: