Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզի Վայքի դատարանում. ժամանել է մարզային փրկարարական վարչության պետը
Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կեսօրին ուժեղ քամու հետևանքով Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վայք քաղաքի նստավայրի դատարանի շենքի տանիքի մի զգալի հատված պոկվել է և ընկել հարևան բնակելի տան վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ու մինչ դատավորները ծանր ու թեթև կանեին, թե ինչպես հեռացնեն թափված տանիքի թիթեղները, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու, մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ-փրկարարկան ջոկատի պետ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ:
Փրկարարները դատարանի տանիքից թափված թիթեղն հավաքել են և սահմանազատել տարածքը:
Վնասի չափը պարզվում է: