«Արցախը» հաղթեց 12:0 հաշվով (տեսանյութ)
Այսօր կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի հանդիպումները:
Տուրի ամենագոլառատ խաղը գրանցվել է Ձորաղբյուրի մարզաբազայում, որտեղ «Արցախն» ընդունել է «Էրեբունիին» և գերխոշոր` 12:0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Էմիլ Եղիազարյանը, ով ավելի ուշ նաև դուբլ է ձևակերպել:
Դուբլ է ձևակերպել նաև թիմի նորեկ Միխայիլ Բաբայը: «Արցախի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գրիգոր Աղեկյանը, մեկական գոլեր էլ իրենց ակտիվում գրանցել են Էդուարդ Ավագյանը, Արսեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Վալտեր Պողոսյանը և Ռամազան Իսաևը:
Այս հաղթանակի շնորհիվ «Արցախն» իր միավորների թիվը հասցրել է 40-ի և շարունակում է զբաղեցնել Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Խոշոր հաշվով հաղթանակ է տարել նաև «Լոռին»: Կապանի մարզադաշտում կայացած խաղում Վանաձորը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները 7 գնդակ են ուղարկել «Գանձասար-Կապան-2»-ի դարպասը: Վերջինս պատասխանել է միայն մեկ խփած գնդակով:
«Լոռիի» կազմում դուբլ է ձևակերպել Տինգան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալիյուն, Արեգ Ազատյանը, Էդգար Մկրտչյանը, Արամ Սարգսյանը և Արտյոմ Խաչատուրովը, ով իր առաջին գոլն է խփել «Լոռիի» կազմում:
Տուրի մյուս խաղում վստահ հաղթանակ է տարել նաև «Բանանց-2»-ը, որը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Փյունիկ-2»-ի դարպասը:
Հետաքրքրական է, որ բոլոր գոլերն էլ խփվել են առաջին կեսում: «Բանանց-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Աբրահամ Պորտուգալյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Կարեն Մելքոնյանը:
Հաղթանակ է տոնել նաև «Ալաշկերտ-2»-ը: Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացած խաղում երևանյան թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ:
«Ավան-Ակադեմիա»-«Արարատ-2» խաղում էլ տանտերերը 3:0 հաշվով հաղթանակ են տարել: