Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 54-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:
Լևոն Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, Գրիշչուկն ունի 6.5 միավոր և չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 12-րդ տուրում Դին Լիրենը սևերով հաղթեց Մամեդյարովին:
Առաջին տեղը կիսում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Նրանց պարտիայում սպիտակներով հաղթեց Կարյակինը:
Նշենք, որ մարտի 25-ին մրցաշարում հանգստյան օր է: