Լևոն Արոնյանը պարտվեց և զրկվեց հավակնորդ դառնալու տեսական հնարավորությունից
Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ և պարտվեց 74-րդ քայլում: Առաջին շրջանում Արոնյանը պարտության էր մատնել Կարյակինին:
Հայ գրոսմայստերն ունի 3.5 միավոր և մրցաշարի ավարտից երեք տուր առաջ կորցրեց հավակնորդ դառնալու տեսական հնարավորությունը: Առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, ով վաստակել է 7 միավոր:
Արոնյանը 11 տուրերում տարել է մեկ հաղթանակ, կրել 5 պարտություն, 5 պարտիա ավարտել ոչ ոքի և արդյունքում եզրափակում է մրցաշարային աղյուսակը։