Մեղավորն աշխատակիցն է. հայտնի է Վրաստանում ճոպանուղու վթարի պատճառը
Գուդարուի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու վթարի պատճառը ճոպանուղու օպերատորի սխալ գործողություններն են եղել: Այս մասին հայտնել է փոխվարչապետ‚ Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման կայունության նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք պարզել ենք‚ որ իսկապես էլեկտրական լարումն ընկել է‚ ինչը հանգեցրել է ճոպանուղու շարժման կանգնեցման: Սակայն ճոպանուղու կանգնելուց հետո օպերատորը պետք է... ճոպանուղին փոխանցեր դիզել-գեներատորին և զբոսաշրջիկներին հասցներ վերջնակետ‚ որտեղից նրանք կկարողանային իջնել ճոպանուղուց»‚- նշել է Կումսիշվիլին:
Նախարարի խոսքով՝ օպերատորը հեռացվել է աշխատանքից: Դեռևս անհայտ է‚ արդյոք նրա դեմ մեղադրանք կառաջադրվի: Բացի այդ‚ հաղորդվել է‚ որ դեպքի հետ կապված հրաժարական են տվել լեռնադահուկային հանգստավայրերի զարգացման ընկերության փոխտնօրենը և Գուդաուրի լեռնային կառավարման դեպարտամենտի ղեկավարը: