Առաջին փոխվարչապետին հեռացրին ավագությունից
Առաջինից երկրորդ ընթերցում կրկին փոփոխություններ են կատարվել «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես այս օրենքով է սահմանվում արարողակարգային ավագությունը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ըստ ավագության առաջին հնգյակում նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն էր ամրագրված, ապա լրամշակած տարբերակում այն հանվել է:
Բացի այդ` որպես առանձին ավագության աստիճան առանձնացված չէ նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը. սա ևս հանվել է ցանկից: Բայց ավագությամբ առաջին տեղի հարցն այսպես է որոշված՝ «ըստ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության հերթականությամբ»: Ու հիմա հարց է՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանն է լինելու արարողակարգով առաջինը, թե՞ Վաչե Գաբրիելյանը, որ փաստացի փոխվարչապետն է:
Այս ընթացքում կատարվել է նաև մեկ այլ փոփոխություն. նախկինում ամրագրված էր, որ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար: Փոփոխված դրույթում այս լիազորությունը տրվում է նաև նախագահին: Հավելենք, որ առաջարկված փոփոխություններով լրամշակված նախագիծը խորհրդարանում կքննարկվի այսօր մեկնարկած արտահերթ նիստում: