Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ԱԺ քննարկմանը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե փաթեթի ընդունմամբ իրենք գործնականում սկիզբ են դնում պառլամենտական կառավարման ձևին:
«Փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը, պետական ապարատը դարձնում ենք քաղաքական պատասխանատվության օբյեկտ, պառլամենտական վերահսկողության օբյեկտ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ խոսում են, թե սուպերվարչապետական ինստիտուտ է սրանով ստեղծվում, ինչի հետ համաձայն չէ:
«Երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն է ավելացնում, այլ պատասխանատվությունն է ծանրացնում: Այդ տեսակետից ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք ժողովրդի և պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ինչու ոստիկանությունը և Ազգային անվտանգության խորհուրդը նախարարություն չեն դառնում, Կոստանյանը բացատրեց, թե դա անընդունելի կլիներ, քանի որ դրանք հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն: