Ապօրինի ծառահատումների գործով ևս երկու անձ է ձերբակալվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի գործով ևս երկու անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին ղեկավարը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, հատվել է ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ երեք անտառապահի։