«Ազգային հերոս» կոչման հարցը կարգավորելու համար հետագայում փոփոխություններ կնախաձեռնվեն Սահմանադրության մեջ
«Ազգային հերոս» կոչման հարցը կարգավորելու համար հետագայում փոփոխություններ կնախաձեռնվեն Սահմանադրության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի երկրորդ քննարկման ժամանակ:
Բանն այն է, որ ՀՀ 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ չկա «բարձրագույն կոչում» սահմանումը, ինչը շփոթ է առաջացրել. Կառավարությունը չի կողմնորոշվում՝ «ազգային հերոս» բարձրագույն կոչումը ներառել «պատվավոր կոչումների» շարքում, թե պետական պարգևների շարքում:
Փոխնախարար Հարությունյանը նշեց. «Այո, մենք գտանք, որ պետք է հետագայում ունենանք պարգևատրմամբ տրվող առանձին «ազգային հերոսի» կոչում, բայց քանի որ 2015 թվականի Սահմանադրության հետ խնդիր կունենանք, որոշեցինք հարցն առկախել, հետագայում փոփոխություն նախատեսել Սահմանադրության այդ հոդվածում: Ընդ որում այդ հոդվածը կարող է փոփոխվել առանց հանրաքվեի:
Այժմ նախագծում մնացել է հին կարգավորումը, ըստ որի անձի բարձրագույն պարգևատրումը հայրենիքի շքանշանով պարգևատրումն է և նախատեսված է, որ հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է «ազգային հերոս»:
Արդարադատության նախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում միայն մեկ առաջարկություն է եղել ՀՅԴ-ի կողմից. «Միակ առաջարկությունը սահմանափակում մտցվի, պարգևատրումը արգելվի ոչ միայն ՀՀ նախագահի, վարչապետի, այլև ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, Արդարադատության խորհրդի նախագաի համար: Մինչդեռ արգելքը դրված է միայն ՀՀ նախագահի համար, քանի որ պարգևատրողը նախագահն է, հետևաբար տրամաբանական չէ, որ ինքն իրեն պարգևատրի: Մենք ավելացրինք նաև վարչապետին, որովհետև վարչապետին պարգևատրելու համար միակ միջնորդողը հենց վարչապետն է: Այսինքն ստացվում է, որ միայն վարչապետը կարող է առաջարկել, որ ինքը պարգևատրվի»:
Նշենք, որ հիշյալ օրենքով նախատեսվում է, որ պետական պարգևներ և պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ նախագահը, բայց նա ինքնուրույն դա չի կարող անել, պետք է լինի միջնորդություն: Իսկ նման միջնորդություն կարող են ներկայացնել 4 մարդ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Փաստաթղթով սահմանվում են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու դեպքերը և կարգը, հստակեցվում է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, ամրագրվում են ՀՀ պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները: