Վարչապետի պաշտոնում ավելի պատրաստված, պատասխանատու, իմաստուն, ճկուն թեկնածու, քան ՀՀ գործող նախագահն է, չկա. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր կարծիքն է հայտնել վարչապետի թեկնածուի վերաբերյալ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Հարցին, արդյո՞ք հստակ է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է։
«Պետք է իրականացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա մարտահրավերներից, և ՀՀԿ-ն կընդունի այնպիսի որոշում, որը բացառապես կսպասարկի ՀՀ պետական շահը: Մինչ օրս ՀՀԿ-ն ինստիտուցիոնալ քննարկումներ չի իրականացրել։ Ոչ Գործադիր մարմնում, ոչ խորհրդի նիստում դեռևս այս խնդրին չենք անդրադարձել, բայց առանձին-առանձին մենք և՛ մամուլի միջոցներով, և՛ կուսակցության անդամներով մեր կարծիքը արտահայտել ենք։ ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակները, ավելի պատրաստված, ավելի պատասխանատու, իմաստուն, մարտահարավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան գործող նախագահ Սերժ Սարգսյանը, չունի»։