Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը կկարողանա աշխատել մինչև 2023 թ.-ը և ոչ 2028-ը
ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 22-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» օրենքում:
Այդ օրենքում ամրագրվում է, որ այն մանկավարժները, որոնք չունեն բարձագույն կրթություն կամ դպրոցում աշխատանքի բավարար ստաժ, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Այսօր կառավարությունը որոշել է, որ պետք է այդ ժամկետը երկարաձգվի և ընդամենը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն իրավունք ստանան դպրոցում աշխատել մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը հարցն առաջ էր քաշել նաև անցյալ տարի և ներկայացրել հանրային քննարկման: Այն ժամանակ առաջարկվել էր միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին դպրոցում աշխատելու հնարավորություն տալ մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը: Այսինքն՝ 5 տարով ավելի, քան այսօր ընդունված որոշման նախագծով:
Վերջին տվյալով՝ հանրակրթական դպրոցներում աշխատոում է միջին մասնագիտական կրթություն ունեցող շուրջ 3 000 ուսուցիչ: Նրանց գործընկերների մի մասը, աշխատանքը չկորցնելու նպատակով, նախորդ տարիներին դիմել է բուհեր՝ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու և օրենքի պահանջին բավարարելու համար: