Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Լատվիայի խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հայտնել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը:
Լատվիայի խորհրդարանում համաձայնագրի վերաբերյալ հիմնական զեկուցողը եղել է Սերգեյ Պոտապկինը։
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով համաձայնագիրը Լատվիայի խորհրդարանում ևս մեկ ընթերցում պետք է անցնի, որը տեղի կունենա ապրիլին:
Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ևս թվիթերյան իր էջում գրառում է կատարել այս առթիվ:
«Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: Հույս ունեմ՝ շուտով կկայանա երկրորդ ընթերցումը, և համաձայնագիրը կվավերացվի»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 12-ին, համաձայնագիրը վավերացրել էր Էստոնիան։