Պաշտոնյաների` կաշառք ստանալու և ապօրինի ծառահատումների գործ. 3 ամբաստանյալներն էլ պնդեցին՝ առողջական խնդիրներ ունեն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկեց պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման աղմկահարույց գործից անջատված մասով դատավարությունը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը, Սյունիքի անտառտնտեսություն մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանն ու Կապանի բնակիչ Վահրամ Մարտիրոսյանը: Ըստ մեղադրանքի, Գեորգի Պողոսյանը տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի հետ նախնական համաձայնությամբ անտառապետ Ազատ Բադալյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տեսչության նույն բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով` 500 հազար դրամ կաշառք: Ազատ Բադալյանը մեղադրվում է կաշառք տալու, իսկ Վահրամ Մարտիրոսյանը՝ կաշառք տալուն օժանդակելու մեջ: Ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Գեորգի Պողոսյանը:
Այսօր դատարանում մինչև դատաքննության անցնելը դատավոր Աննա Մաթևոսյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: 3 ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ առողջական խնդիրներ ունեն, իսկ Վահրամ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ խնամքին երկու անչափահաս երեխա ունի:
Այնուհետև ամբաստանյալ Գեորգի Պողոսյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կամ գրավ կիրառել: Ըստ պաշտպանի, որևէ ապացույց կամ փաստական տվյալ չկա, որ Պողոսյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել դատաքննության ընթացքին կամ անօրինական ազդեցություն թողնել դատավարության մասնակիցների վրա:
«Մեղադրանք անհիմն է ու շինծու»,- ասաց նա:
Ի դեպ, Գեորգի Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Ազատ Բադալյանը կալանավորվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, որ կաշառք է փոխանցել բնապահպանության նախարարության բանապահպանական պետական տեսչության աշխատակիցներին:
Մեղադրող Արա Մնացականյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատարանից ժամանակ խնդրեց: Դատավորը որոշեց նիստը հետաձգել և նշանակել մարտի 23-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ գլխավոր դատախազության՝ 2017թ.-ի ամռանը հարուցված քրեական 4 գործերով 10-ից ավելի պաշտոնատար անձի է մեղադրանք առաջադրվել: Պարզվել է՝ անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 1.5 մլրդ դրամի վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Գործից անջատվել է Գեորգի Պողոսյանի, Ազատ Բադալյանի ու Վահրամ Մարտիրոսյանը մասը և ուղարկվել դատարան: