«Հայ եմ» ասելով՝ հայկական պետություն չեն կառուցում. հարկավոր է Հայաստան կառուցել յուրաքանչյուր հայ ընտանիքում
Ամեն ինչի որոշիչը՝ հավաքական ուժն է:
Եթե ցանկանում ես տիրանալ ամեն ինչի, հարկավոր է մասնատել ու թուլացնել հավաքական ուժը:
Հասարակությանը որակական ցածր մակարդակների վարժեցնելը՝ քանդելու և տիրանալու լավագույն միջոցներից է: Այնտեղ, որտեղ գերակշռում է բնազդայինը, հոգևոր և բարձր արժեքներն այլևս դադարում են ազդեցիկ լինել:
Թե ինչ է տեղի ունենում հետո, պարտադիր չէ Վանգայի պայծառատեսությունն ունենալ: Բավական է և խելամիտ ու խոհեմ մարդկային բանականությունը: Բայց առանց բարձր որակների, բանականությունը խոհեմ ճանաչելու հարցում անկարող է նույնիսկ Վանգայի պայծառատեսությունը:
Մեզանից յուրաքանչյուրն այս ճշմարտությունը գիտակցում է, բայց և յուրաքանչյուրս թաքնվում ենք այս ճշմարտությունից: Թաքնվում ենք, որովհետև հասարակական կյանքի բոլոր առողջ սահմանակարգերն ազատ են արձակված ու հանձնված են խիստ անձնական քմահաճույքների:
Եվ այս իրողությամբ մենք արդեն մի քանի սերունդներ ձևավորեցինք: Այդ սերունդներն իրենց հերթին ընտանիքներ ձևավորեցին, ընտանիքները՝ հասարակություն, որ այսօր կամ՝ արտագաղթում, կամ՝ համակերպվում է:
Այս իրողության մեջ, ըստ էության, խոհեմ մարդն օրինակ չպետք է զարմանա, թե ինչու հավաքական ուժ չի ձևավորվում:
Բայց ստեղծվածի արդյունքում, հազարավորների ուղեղներին այդպես էլ հասու չի դառնում, որ մեր այս դժգույն ձեռքբերումների համար ավելի շատ պարտական ենք ոչ թե մեր իշխանություններին, այլ արտաքին թշնամիների հեռահար ծրագրերին:
Ավաղ, բայց դրանց այլևս շա՜տ մոտ ենք կանգնած, և ավելի քան երբևէ, միակ որոշիչը՝ հավաքական ուժը պետք է դառնա:
«Հայ եմ» ասելով՝ հայկական պետություն չեն կառուցում: Հարկավոր է Հայաստան կառուցել յուրաքանչյուր հայ ընտանիքում: Այլապես, լինել տաղանդավոր ժողովուրդ, մինչդեռ և ապաշնորհ.
- Կմթագներ նույնիսկ Վանգայի պայծառատեսությունը...
Ազատ Աբրահամյան. Ֆեյսբուք