Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել ՀՀԿ-ականներին. Ինչո՞ւ են նրա նյարդերը տեղի տվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում և, ըստ էության, հայտարարում է, որ ինքն էլինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար:
Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակցիները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարություն, բայց ոչ այսքան շուտ:
Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների շրջանում (և ոչ միայն) հետևյալն էր՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց և մինչև վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլանը հետևյալն էր՝ ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան:
Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը և մինչև ապրիլի 17-ը որևէ պաշտոն չի ունենալու: Միաժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը:
Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով :
Եթե հանկարծ ժողովուրդն իսկապես փողոց դուրս գա և պատրաստակամություն ցուցաբերի՝ իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավորություն:
Թերևս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, և նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում