Հատով դեղեր գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսը
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը« Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հատով դեղատոմսային դեղերը գնելու համար կարելի է օգտագործել բազմակի օգտագործման դեղատոմսերը, որի վրա կա 6 կտրվող կտրոն:
Պատասխանելով հարցին, որ շատ թոշակառուներ դժգոհում են՝ չեն կարողանում դեղերի նշանակված ամբողջ չափաբաժինը միանգամից գնել, Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նրանք կարող են բժշկին խնդրել դեղատոմսը գրել բազմակի օգտագործման ձևաթղթի վրա: Նա հավելել է, որ այս ձևաթղթերը կարելի է օգտագործել ոչ միայն քրոնիկական հիվանդների համար, որոնք երկար ժամանակ ընդունում են միևնույն դեղը, այլև մեկանգամյա նշանակած դեղերը հատով գնելու համար:
Դեղերը հատով վաճառելու դեպքում փաթեթի ամբողջականությունը խախտելուց հետո հաբերը պետք է նորից փաթեթավորվեն, փաթեթի վրա դեղատան աշխատողը պետք է գրի գնորդի, իր, դեղի անունները և դեղի վերաբերյալ այլ տվյալները: Ուստի նման դեղը կարելի է օգտագործել 6 ամսից ոչ ավելի՝ անկախ փաթեթի վրա նշված դեղի պիտանիության ժամկետից: