«Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը». Փաշինյանի վերլուծությունը
Սերժ Սարգսյանը երեկվա իր հարցազրույցում վերացրել է վարչապետի պաշտոնում առաջդրվելու ինտրիգը, հայտարարելով, որ պատրաստվում է վերցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, սա տակտիկական անհաջողություն է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար, որովհետև ամեն ինչ արվում էր, որ վարչապետի պաշտոնի հետ կապված ինտրիգը մինչև վերջին վայրկյանը պահվի, այնպես որ, տեսականորեն հնարավոր դառնա ապրիլի 16-ին վարչապետւի թեկնածու առաջադրել, իսկ 17-ին անաղմուկ նրան ընտրել այդ պաշտնում:
«Հարց է ծագում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը և օր առաջ արեց այդ կարևոր հայտարարությունը: Այստեղ կա կարևոր պատճառ, բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պաշտոնը և առնվազն մինչև ապրիլի 17-ը որևէ կարգավիճակ չի ունենալու: Միաժամանակ ապրիլի 9-ին հրաժարական է տալու կառավարությունը և կառավարության անդամները լինելու են պաշտոնակատարներ: Այսինքն մենք ունենալու ենք բացառիկ իրավիճակ, երբ մի ամբողջ շաբաթ ՀՀ-ում, ըստ էության, գործող գործադիր իշխանություն չի լինելու: Այստեղ Սերժ Սարգսյանին նման վաղաժամ հայտարարություն անելուն մղել է իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու մտավախությունը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ եթե այդ մեկ շաբաթվա ընթացքում պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է իր ձեռքը վերցնել Հայաստանում իրեն պատկանող իշխանությունը, սրանով մենք կուենանք բոլորովին նոր իրավիճակ, նոր հեռանկար ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու գործում:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը Tert.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով իր վարչապետ դառնալու հավանականությանը, նշել էր. «եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։