Չկա նման բան, որ կառավարությունը ՄԻԵԴ-ում ասել է՝ լավ են արել սպանել են. Կոստանյանը՝ «Մարտի 1»-ի մասին
Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում տեղ գտած 5 կետերը չեն կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նա հերքեց «Ելք»-ի ներկայացուցիչների պնդումները, թե ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել փաստաթուղթ, որտեղ նշվել է, որ մարտի 1-ի սպանությունները եղել են անհրաժեշտ: «Սա անտրամաբանական էլ չի, անհեթեթություն է: Նման հայտարարություն չի կարող լինել: Այսինքն մարտի 1-ի գործը ՄԻԵԴ-ում քննարկվում է և կառավարությունը ի դեմս ինձ կամ որևէ մեկի ասել է՝ լավ են արել, բացարձակ անհրաժե՞շտ է եղել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալուն, Կոստանյանն ասաց, որ այո, ասել է, որ կան օրենսդրական դրույթներ, որոնք բացարձակ հիմք են հանդիսանում, որ այդ գործընթացը գնա: «Անկախ մեղավորին հայտնաբերելու փաստից, տուժողի իրավունքները առկա են: Պետք չի մեղավոր լինի, որ փոխհատուցի: Պետությունը փոխհատուցում է, հետո ռեգրեսիվ հայցով դիմում է մեղավորներից բռնագանձելու»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու համար պետք է լինի մեղավորը, որը կլինի փոխհատուցողը, մինչդեռ այս հանցագործության համար մեղավոր չկա:
«Կա տարբերակ, որ պետությունը փոխհատուցի, իսկ դրա համար պետք է իր իրավակարգավորումների մեջ նման պարտավորություն ունենա: Ես կոչ եմ անում և առաջարկում եմ, որ եթե ասում են, որ փոխհատուցման հնարավորություն կա, թող իրենց կից իրավաբանական գրասենյակների միջոցով իրավական օգնություն ցույց տան, տեսնենք՝ դատական ինչ որոշում են ստանալու: Դոևք եք ասում, որ ձեր սրտից սև արյուն է կաթում զոհերի համար: Դե օգնեք»:
Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին: Այդուհանդերձ, հարցն ընդգրկվել է ԱԺ օրակարգում:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երևանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար և ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։