ՀԲ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավում, արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում, կայուն միջավայր և բնական ռեսուրսների կառավարում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր՝ մարտի 20-ին հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոն:
Հանդիպմանը Սիլվի Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի և Հայաստանի միջև 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա նաև կարևորել է Հայաստանում իրականացվող փոփոխությունների ընթացքն ու շնորհավորել կառավարության ղեկավարին արձանագրված աճի բարձր ցուցանիշների կապակցությամբ:
Սիլվի Բոսութրոն, մասնավորապես, առանձնացրել է Սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքը, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի ավարտը, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, երկրում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմպերն ու Հայաստանի տարբեր ոլորտներում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումները՝ նշելով, որ, ՀԲ-ի գնահատմամբ, դրանք ևս դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա:
Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, ողջունել ներկայացված ծրագրի նախագիծն ու դրանում ներառված բարեփոխումների առաջարկությունները: Վարչապետն առաջարկել է ծրագրի նախագծի շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ և շնորհակալություն հայտնել ՀԲ-ին՝ ջրային ռեսուրների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար:
«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից և ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Այս առումով կարևոր է, որպեսզի ջրային ռեսուսների կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվեն և այն դառնա տրամաբանական բիզնես, ինչը կբերի արդյունավետության, կարգապահության բարձրացման, ծախսերի նվազեցմանը»,- ասել է վարչապետը: