Երևանում 19-ամյա վարորդը Toyota-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին և 1 մետր բարձրությունից հայտնվել ձորակում
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Արման Ճաղարյանը Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց իր վարած Toyota մակնիշի 01 AO 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ա. Ճաղարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ քարշակի միջոցով դուրս բերվեց ձորակից երթևեկելի գոտի։