Դատական նիստերը կարող են հեռարձակվել առանց կողմերից մեկի միջնորդության
Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, ձայնագրումը, նաև հեռարձակումը լրատվամիջոցներով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ, ինչը նշանակում է, որ անպայման լրատվամիջոցը պետք դիմի դատավարության կողմերից մեկին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Սա մտահոգությունների առիթ էր տվել, քանի որ եթե լրագրողին անհրաժեշտ է դատավարության մասնակցի միջնորդությունը, նա կամա թե ակամա հայտնվում է դատավարության այս կամ այն մասնակցի կողմնակալ կողմում: Ըստ էության կասկածի տակ էր դրվում լրագրողի անաչառությունը: Եթե լրագրողը ստիպված է դիմել դատավարության մասնակցին, որ նա միջնորդի, որ լուսանկարահանում իրականացվի, տրամաբանական տեսանկյունից դատավարության մյուս կողմի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է միջնորդում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ներկայացված օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը և այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
Քանի որ վարչական դատավարության կողմերից մեկը վարչական մարմինն է, ապա օրինագծում նաև նշվել է, վարչական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու է դեմ տեսաձայնագրմանը: