Միջազգային կառույցներին միանալու և ՀՀ տարածքը փոփոխելու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել
Միջազգային պայմանագրերի վավերացումը այսուհետև կլինի օրենքով, ոչ թե ԱԺ որոշմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, այս օրինագիծն ունի երկու ուղղություն՝ համապատասխանեցում Սահմանադրական փոփոխություններին և միջազգային պայմանգրերի կնքման ընթացակարգի բարելավում:
Ըստ այդմ, ՀՀ նախագահի կողմից միջազգային պայմանագրերի հաստատումը կամ կասեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:
Սահմանվել է կարգավորում հանրաքվեի միջոցով վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, կասեցման, փոփոխման համար:
ԱԳ փոխնախարարը նշեց, որ օրինագծով վերացվել է միջազգային պայմանագրերի միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական մակարդակների տարանջատումը. «Դա ելնում է նաև այն հանգամանքից, որ միջազգային իրավունքում որպես սուբյեկտ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ փաստաթղթի ստորագրման ձևից և այն ստորագրող մարմնից:
Միջազգային պայմանագիրը կառավարությանում քննարկվում է միայն ներպետական համաձայնեցումից հետո: Այսօրվա գործող կարգով, երբ կառավարությունը հավանություն է տալիս միջազգային պայմանագրի կնքմանը, ստացվում էր, որ գաղափարին է համաձայնություն տալիս, ոչ թե տեքստին:
Հատուկ ընթացակարգեր են սահմանվել վարկային պայմանագրերի կքնման համար: Սահմանվել են ստորագրմած, բայց ուժի մեջ չմտած պայմանագրերի կասեցման կարգը»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը: