Հայտնի են Արմեն Սարգսյանի երդման արարողության մանրամասները
Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախանշված ԱԺ հատուկ նիստում: Այս է նախատեսում ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ներառված համապատասխան որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն`նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
Նիստի օրակարգը նախատեսված է հետևյալ հաջորդականությամբ.
Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս Հանրապետության նորընտիր նախագահը:
Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հանրապետության նորընտիր նախագահը։
Ելույթների ավարտից հետո խորհրդանիշները դարձյալ դուրս են բերվում դահլիճից, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:
Նախագիծը քննարկելու և հաստատելու համար ԱԺ խորհրդի նիստը կգումարվի այսօր, 17։00-ին։