ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիրը ԱԺ-ում քննարկման ու վավերացման կդրվի ըստ ամենայնի ապրիլի 10-ին մեկնարկելիք քառօրյայում. Ա. Աշոտյան
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ամենայն հավանականությամբ Ազգային ժողովի կողմից կվավերացվի ապրիլի 10-ի հերթական նիստում: Այս մասին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ Հայաստանի կողմից այն վավերացնելու դեպքում: Ապրիլին Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է այն: Կոնկրետ որևէ ժամկետ ասել չեմ կարող, այն կստորագրվի ապրիլյան խորհրդարանական որևէ նիստին: Հավանաբար` ապրիլի 10-11-ին, բայց ոչ ապրիլի 1-ին: Ըստ ամենայնի՝ հենց հերթական նստաշրջանին՝ ապրիլի 10-ին»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Պատգամավորն ասաց, որ Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, որ տվյալ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Մենք չենք կարող անգամ ամենակարևոր փաստաթուղթը վավերացնել ընթացակարգերի խախտմամբ»,- նշեց Աշոտյանը: