Իրար սազում եք. «Ելքը»` ՀՀԿ–ին ու «Երկիր ծիրանիին»
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանակոչելու մասին հարցը. որը կրքերի թեժացման առիթ դարձավ։ «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացրած հարցը բուռն քննադատության արժանացավ ՀՀԿ և «Ելք» խմբակցության անդամների կողմից։
Խմբակցությունն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ և Մարտի 1-ի զոհերի հուշահամալիր կառուցել:
«Ելք» անդամ Անի Խաչատրյանը շեշտեց, որ մեկ ամսվա ընթացքում «Երկիր ծիրանին» այս հարցը երկրորդ անգամ է փորձում մտցնել օրակարգ` նշելով, որ «խնդիր ունի բարոյականության հետ»:
Իսկ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Վուդրո Վիլսոնի անվան փողոց ունենալուն, բայց ոչ՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը նսեմացնելով:
Փոխադարձ մի քանի մեղադրանքներից հետո «Ելքը» որոշեց հեռանալ նիստերի դահլիճից։
«Հանրապետականները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատեսը լինեն 2 ընդդիմադիր ուժերի բախմանը: «Ելք» խմբակցությունն ունի այնքան քաղաքական հասունություն, որ նախաձեռնված սադրանքին և իշխանության կողմից ստեղծված օրակարգային ծուղակի մեջ չի ընկնի: «Ելք» խմբակցությունը ՀՀԿ-ԵԾ քննարկումներին չի մասնակցի, մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Անահիտ Բախշյանն էլ հեռանալիս հայտարարեց, որ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանին» իրար շատ սազում են:
«Երկիր ծիրանիի» առաջարկը հանրապետական մեծամասնությունը մերժեց` միաձայն «դեմ» քվեարկելով նախագծերին։