Ապարանում 27–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սալիկներին և հայտնվել վերանորոգվող մայթում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հակոբ Ներսիսյանը Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի 49 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 GF 506 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի քարե արգելապատնեշների համար մայթում լցված «բորդյուրների» և հայտնվել վերանորոգվող ճանապարհահատվածում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 55-ամյա Օֆելյա Ավետիսյանն ու Նոր Խարբերդի բնակիչ, 34-ամյա Արմեն Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող, նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: