«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը զանգահարել և ներկայացել է որպես «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից ու հափշտակել 15 մլն դրամի 37 հատ iPhone
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից ներկայանալով ավելի քան 15 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու համար:
Դատապարտյալ Հակոբ Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ․ դեկտեմբեր ամսին, պատիժ կրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, չպարզված անձանց հանցակցությամբ, զանգահարել է «Արմտելեկոմ» ՍՊԸ և ներկայացել որպես «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 15 մլն 390 հզր. դրամ արժողությամբ 37 հատ iPhone6 և iPhone7 տեսակի բջջային հեռախոս, որոնց դիմաց ընկերությանը վճարում չի կատարել։
Հափշտակության կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Արսեն Թորոսյանին, Մերուժան Գևորգյանին, ով պատիժը կրում է Վարդապետյանի հետ նույն խցում, Նարեկ Ֆրանգուլյանին և Սպարտակ Կիրակոսյանին:
Հակոբ Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան և մակագրվել դատավոր Նելլի Բաղդասարյանին: