Վիետնամում ՀՀ դեսպանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը
Մարտի 16-ին տեղի է ունեցել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և, հատկապես, զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ներկաների խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղղությամբ: