Մերձավոր Արևելքում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ. Էդվարդ Նալբանդյան
Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ամբողջ տարածաշրջանը: Այս մասին Հռոմում Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այս երկրում, միաժամանակ դա հնարավորություն է, որն ընձեռնում են բազմազանության առավելությունները:
«Այդ նույն պատճառներից ելնելով՝ իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից ու վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր»,- ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ: Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, առանձնակի արժեք են ներկայացնում, իսկ համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն: