Երիտասարդն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել. նա պահանջում է Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին և Տարոն Մարգարյանին(լուսանկարներ)
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։
Այս պահին նրա հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբան Տիգրան Սարգսյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին, և պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնվեց, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին և նա, անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։