Ինչո՞ւ հենց մարտի 15-ը և ո՞րն է նրանց քաղաքական ուղերձը. Զարուհի Փոստանջյանը խոսել է «Երկիր Ծիրանի»-ի հիմնական նպատակների մասին
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր կուսակցության մեկ ամյակի առիթով հրավիրվածներին հիշեցրել է, որ պատահաբար չեն մարտի 15-ը որպես կուսակցության հիմնադրման օր ընտրել:
«Այսօրը նաև խորհրդանշական է, այսօր Սողոմոն Թեհլերյանը կատարեց իր գործողությունն ու հենց այնպես չէր կատարում, կատարում էր մեր բոլորի անունից, նրա հետ էին մեր ազգի բոլոր ազատատենչ ու արդար պահանջ ունեցող հատվածները: Այսօր նույնպես արդարության ու ազատության պահանջն ենք մեր առջև դրել, ինչը ենթադրում է պայքար, պայքար ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ: Մեր ներքին թշնամին այսօրվա բռնապետությունն է, եթե այս բռնակալությունը չտապալենք, չենք կարող հասնել մեր բաղձալի արդարությանը»,- ասել է Փոստանջյանը և հավելել. «Իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ, քաղաքական լուծումները ներառում են ապամոնտաժում այս բռնակալական համակարգի: Սա հնարավոր է, որովհետև 30 տարի առաջ, երբ գաղափարի շուրջ համախմբվեցինք, տապալեցինք ավելի կուռ բռնակալական համակարգ, որը խորհրդային միություն էր կոչվում»:
Իր խոսքում նա նշում է, որ եթե յուրաքանչյուրն իր տեղում ընդվզի, ապա բռնակալական համակարգը չի կարողանան դիմակայել. «Սա է մեր հիմնական, քաղաքական ուղերձը»: