Խոջալուի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը լկտի սուտ է. Շարմազանով
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցինների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է»: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետն արել է հայտարարություն, որը դժվար է այլ բառերով որակելը, քան լկտի սուտն ու անհեթեթությունը: «Նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներ դատապարտել են Հայաստանի կողմից «կոտորածները»: Չկա աշխարհում մի միջազգային կազմակերպություն և կառույց՝ լինի դա ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն կամ ԵԱՀԿ-ն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է «կոտորածի» մեջ: Դա լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»,- շեշտել է Շարմազանովը:
Նրա խոսքով՝ սա ընդամենը թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է: «Իրենք իրենց հավաքվել են, ուրիշ գյուղից մարդ չկա, սուտ է՝ ասում են: Չկա որևէ միջազգային կառույց, որն ընդունած լինի Հայաստանի կամ Արցախի կողմից որևէ «կոտորած»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն ընդգծել է, որ Թուրքիայի հայտարարությունները, որ իրենք միշտ լինելու են Ադրբեջանի կողքին, ևս մեկ անգամ ապացուցում են հայկական կողմի դիրքորոշման ճշմարտացիությունն առ այն, որ Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնախնդրում, որովհետև այդ երկիրը սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը: