Աշխարհը չի պատրաստվում ճանաչել ԼՂ-ի անկախությունը, բայց մյուս կողմից էլ՝ այն չի ցանկանում տեսնել բռնություն և պատերազմ. Թոմաս դե Վաալ
Առողջարար է փոխել երկրի ղեկավարությունը, դա ազդում է նաև երկրի տնտեսության զարգմացման վրա:
Լրագրողների հարցմանը, թե ինչպես է վերաբերում նրան, որ Ադրբեջանում և Հայաստանում փոխում են սահմանադրությունը՝ երկրի իշխանությունների երկարակեցությունը ապահովելու համար, այսպես պատասխանեց Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
«Երբ խոսում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նկատում ենք, որ այն ունի նաև դրական կողմ. երկու ղեկավարները ճանաչում են միմյանց, մենք գործընթացում չենք սպասում ղեկավարների կողմից որևէ անակնկալ, որևէ ռիսկ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հիշատակեց, որ նա ժամանակին ասել էր, որ չի կարծում, թե հայ և ադրբեջանական հասարակություններում պատրաստ են փոխզիջումներին: Դրան ի պատասխան՝ փորձագետը նշեց, որ ինքն իր կարծիքը չի փոխել:
«Մենք տեսնում ենք երկու հասարակություն, որոնք պատրաստ չեն երկխոսության, և, կարծում եմ, 2016 թվականի ապրիլը նրանց այս հարցում ավելի հետ գցեց, որովհետև այս տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծվեց և անվտանգության պահպանման հարց բարձրացավ»,- ասաց դե Վաալը՝ նշելով, որ, ցավոք սրտի, սա է հիմա հիմնական զարգացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
«Մյուս կողմից ՝ ես չեմ կարծում, որ ապագայում խնդիր լինի, որ հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն: Մասնավոր խոսակցություններում նրանք հասկանում են, որ եթե ժամանակին ապրել են միասին, ապագայում էլ կկարողանան ապրել»:
Tert.am-ի դիտարկմանը, թե հնարավոր է փոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, և այդ դեպքում ինչ կտա դա գործընթացին, Թոմաս դե Վաալը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ հնարավոր է փոխել ինչ-որ բան ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Մենք ունենք երկու ուժեղ պետություններ, որոնք ունեն տարբեր պահանջներ: Աշխարհը չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նրանք դա չեն արել արդեն մոտ երեսուն տարի: Բայց մյուս կողմից էլ՝ աշխարհը չի ցանկանում տեսնել բռնություն և պատերազմ: Հիմա մենք ունենք բալանս, այդ բալանսն արդեն երեսուն տարվա է, և այն կմնա: Ես չեմ կարծում, որ կարող ենք մենք փոխել այս գործընթացն ամբողջովին: Անգամ Ադրբեջանի կողմից ծախսված միլիարդավոր դոլարները չկարողացան փոխել բալանսը»: