Նոր նախագծով ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, ինչն անուղղակի ձևով կազդի տոմսի գնի վրա
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին:
Կառավարության նիստից հետո ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն անդրադարձավ նախագծին և պարզաբանեց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ է մատուցելու, և հավելյալ պայմանագրերի ու վճարների հարցը վերացվելու է:
Նա նաև նշեց, որ ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, խնայողությունն էլ այն է լինելու, որ օդերևութաբանական ծառայությունների համար վարձավճարը՝ 30 հազար դրամը, վերանալու է. «Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»։
Ինչ վերաբերում է լուրերին, թե նոր ռուսական ավիաընկերություն է մուտք գործելու հայկական ավիացիոն շուկա, նա նշեց, որ սա շատ ուրախալի է:
«Այստեղ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է ու ճիշտ չէ: Նոր ավիաընկերություն է, որն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը ևս դրական է անդրադառնալու մրցակցության վրա»,-նշեց նա:
Նա չհամաձայնեց, որ դեպի Ռուսաստան տոմսերը բավական թանկ են: «Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունը դրականորեն է ազդում գների վրա»,-ասաց նա: