Պետք է պատրաստ լինել ցանկացած քայլի. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին
Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին հետևում է, բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այդ զորավարժություններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասվում, ԱԳ փոխնախարարը նշեց. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, և նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել, պետք է ուշադիր լինել նրա (Իլհամ Ալիևի-խմբ) գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ: