Վարչապետի հանձնարարականը՝ կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի վերաբերյալ
ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:
«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակների, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն երեսուն տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միանշանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով դա՝ Կարեն Կարապետյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Արդարադատության նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենին հանձնարարեց և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև՝ օրենքում սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը: