Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անվտանգության հարցերը (լուսանկարներ)
Մարտի 14-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանն ընդունեց Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման առաջնային նպատակն էր քննարկել Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անվտանգության հարցերը:
ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Դավթյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել գագաթնաժողովին և վստահեցրեց, որ ԱԻ նախարարությունը կիրականացնի տեխնիկական ու հրդեհային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այն վայրերում, որտեղ անցկացվելու է գագաթնաժողովը: Միջոցառման օրերին, ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականով, տեղում կծավալվեն հրշեջ-փրկարարական հենակետեր, որտեղ հերթապահություն կիրականցնեն ԱԻՆ բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային ու միջուկային պատահարներին արձագանքող թիմի փրկարարները:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման հարցերին: Բ. Բալդյուկը նշեց, որ առաջիկայում Հայաստան կայցելի ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության բարձրաստիճան սպա: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել սպայի և հայ փրկարարների հանդիպումը՝ գիտելիքների փոխանցման և ֆրանսիական փորձով կիսվելու նպատակով: