Աշխարհի ամենաերջանիկ երկրներն ըստ ՄԱԿ-ի տվյալների. ԱՄՆ-ն լավագույն տասնյակում չէ
Մասնագետները ներկայացրել են երջանկության վերաբերյալ համաշխարհային զեկույցը‚ որը հրապարակվել է այսօր: Զեկույցում փորձագետները գնահատել են աշխարհի 156 երկրներում բնակչության երջանկության մակարդակը՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ‚ ինչպիսիք են կյանքի տևողությունը‚ սոցիալական մակարդակը‚ կոռուպցիան և այլն: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Առաջին տեղում հայտնվել է Ֆինլանդիան‚ իսկ երկրորդ հորիզոնականում՝ Նորվեգիան: Նշվում է‚ որ Ֆինլանդիայում 5.5 մլն բնակչից մոտ 300 հազարն այլ արմատներ ունեցող մարդիկ են: Ներգաղթյալների խոշոր խմբերը գալիս են եվրոպական այլ երկրներից, բայց կան նաև համայնքներ Աֆղանստանից, Չինաստանից, Իրաքից և Սոմալիից:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: Միացյալ Նահանգները անցյալ տարվա 14-րդ տեղից իջել է՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը: Հաղորդվում է‚ որ Միացյալ Նահանգները երբեք տասնյակում չի հայտնվել‚ իսկ զբաղեցրած հորիզոնականներից ամենաբարձրը 11-րդն է եղել: