Գործող քրեական օրենսգիրքն այդքան էլ հաջող փաստաթուղթ չէ. Դավիթ Հարությունյան
Գործող քրեական օրենսգիրքը հաջողված հիբրիդներից չէ։ Այս մասին քրեական օրենսգրքի քննարկման ժամանակ հաղորդել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Քննարկումը կազմակերպվել է ԵՄ–ի և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում։
Նախարարը հիշեցրել է, որ բարեփոխումների ծրագիրը ԵՄ–ի և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին։ Դրա կարևոր բաղադրիչներից է քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Այս համատեքստում նախարարը հիշեցրել է, որ ներկայիս ՔՕ–ն մշակվել է առանց հստակ հայեցակարգի, որի արդյունքում ստացվել է ոչ այդքան հաջող հիբրիդ։ «Վերջին տարիներին ավելի քան 100 փոփոխություններ են կատարվել: Այդ պատճառով, մշակվել է նոր հայեցակարգ, որն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ: Այնուհետև սկսվել են ՔՕ նախագծի մշակումը: Եվրոպական գործընկերների աջակցությամբ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել»,–նշել է նախարարը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ բոլոր ժամանակներում էլ հնարավոր չի եղել մշակել իդեալական փաստաթուղթ, ուստի ապագայում էլ աշխատանքը կշարունակվի: