Հրայր Թովմասյանի՝ մինչև 65 տարեկանում ՍԴ նախագահ լինելը հակասում է Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանին: ՍԴ նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա ԱԺ քառօրյա նիստում, որը սկսվելու է մյուս երեքշաբթի օրվանից:
2005 թվականի Սահմանադրությամբ, սակայն, ՍԴ նախագահը կարող է ընտրվել ԱԺ-ի կողմից և պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, իսկ 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից և կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով: Այս կարգը ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, սակայն ՍԴ նախագահն ընտրվում է նախկին Սահմանադրությամբ:
«ԵԼՔ»-ի պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»: Նա նշել է, որ այս քայլը հակասում է Սահմանադրությանը, եթե որևէ մեկը պաշտոնավարի 65 տարեկանում: