Մորգ 4 հատ դիակ են բերել. Ճըվճվ Արոյի գումարը վերադարձնելու շուրջ ծավալված վիճաբանությանը մասնակից է եղել նաև Բանգլադեշցի Վիրաբը. նոր մանրամասներ
Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` մարտի 13-ին, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները: Դատարանում հետազոտվեցին ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, սպանված Մուշեղ Մուշեղյանի բջջային հեռախոսները, ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանի որդուց առգրաված երկու դանակները, փամփուշտները, ատրճանակը, որով սպանվել է Գևորգ Ավետիսյանը:
Դատարանում հետազոտվեցին նաև ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի, Արմեն Գասպարյանի և գործով անցնող որոշ վկաների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները: Նշենք, որ այս գործով դատական նիստը տեղի է ունենում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրի ապակեպատ նիստերի դահլիճում: Հեռախոսազրույցների ձայնագրությունները նիստին մասնակցող կողմերի համար լսելի չէին: Հասկանալի էր, որ Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի մջև հեռախոսազրույցի ժամանակ Պետրոս Իսրայելյանը նման արտահայտություն է անում. «Էսօր էլ հաստատ տփելու ենք, ախպեր», մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ էլ ասում. «Մորգ 4 հատ դիակ են բերել»: Ձայնագրությունների հետազոտությունից պարզ դարձավ նաև, որ «Բանգլադեշցի Վիրաբ» անունով հայտնի Վիրաբ Գասպարյանը ևս մասնակից է եղել Ճըվճվ Արոյի գումարը վերադարձնելու շուրջ ծավալված խոսակցություններին, վիճաբանությանը: Սակայն, գործում որպես վկա ներգրավված Վիրաբ Գասպարյանն այդպես էլ դատարան չներկայացավ ցուցմունք տալու:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: