Նոր կառավարությանը սպասելիս. չինովնիկները շունչները պահել են ու չեն աշխատում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանական մարմիններում դարձյալ «պարապ ժամանակներ» են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումներն են. սպասում են ապագա վարչապետի և կառավարության կազմավորմանը:
Ինչպես հայտնի է` վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ին, որից հետո 15-օրյա ժամկետում՝ մինչև մայիսի 2-ը, ձևավորվելու է կառավարության կազմը: Ու հիմա ե՛ւ նախարարները, ե՛ւ փոխնախարարները, անգամ միջին տրամաչափի չինովնիկները, շունչները պահած, սպասում են՝ արդյոք իրենց բախտ կվիճակվի ընդգրկվել նոր կառավարության կազմում: Այս առումով պետական համակարգը սպասողական ու անորոշ վիճակում է, արդյունքում՝ տիրում է ոչ աշխատանքային մթնոլորտ:
Ընդ որում, այս իրավիճակը դեռ փետրվարից է սկսվել, ու ստացվում է` մոտ երկու ամիս պետական կառույցներն աննախանձելի վիճակում են: Նշենք, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ճակատագիրը. դեռ հունվարին հրաժարական ներկայացրած ու հետո հրաժարականը ետ վերցած Մանուկյանը չի լինի նոր կառավարության կազմում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում