Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ այդ օրերին նա, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում: Այս մասին 2rd.am-ն հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին, Սողոմոնյանը նշել է. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:
Նշենք, որ ՀՀ 4-րդ նախագահի ենդմնակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում: