Երևանում ցանկանում են Մարտի 1-ի զոհերի հիշատակի արձան տեղադրել. ՀՀԿ-ն դեմ է
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևանում տեղադրել 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ սպանված 10 քաղաքացու հիշատակը հավերժացնող արձան տեղադրել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ արձանի նախագիծը դեռ չկա, սակայն ավագանու անդամները ցանկանում են արձան տեղադրելու գաղափարը հաստատել, որից հետո Երևանի քաղաքապետարանն արձանի համար մրցույթ հայտարարի: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն արձանի տեղադրման վայրը ընտրել են Մյասնիկյանի արձանի ետնամասի պուրակը: Նշենք, որ այդ պուրակն այժմ բարեկարգվում է «Վարդանյաններ» բարեգործական հիմնադրամի կողմից և 99 տարով գտնվելու է հիմնադրամի տնօրինման տակ: Պուրակում շատրվաններ են կառուցվում:
Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովում նախորդ շաբաթ հարցի քննարկումից հետո ՀՀԿ-ական ավագանիները դեմ են քվեարկել նախագծին, կողմ են եղել միայն «ԵԼՔ» և «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանիները: Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել, սակայն կներառվի ավագանու մարտի 19-ին նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ այս տարի լրացավ Մարտի 1-ի իրադարձությունների 10-րդ տարելիցը: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը դեռ գնվում է նախաքննության փուլում, որևէ անձի մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել, գործով կա 5 հազար վկա: