24-ամյա երիտասարդին նշանակում եք փոխնախարար, որ ի՞նչ անի. վարչապետի հերթական «աներ-փեսայական» նշանակումը
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ նոր որոշում է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»։
24-ամյա Ավագ Ավանեսյանը, ում 25-ամյակը կլրանա մարտի 10-ին, էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի որդին է: Նրա մտերիմների շրջանում խոսակցություններ կան, սա վարչապետի նվերն է իր 25-ամյակի կապակցությամբ:
Հետաքրքիր է, 24-ամյա երիտասարդն ի՞նչ նպատակով է վարչապետի կողմից նշանակվում փոխնախարար, ի՞նչ պետք է նա անի նախարարի տեղակալի պաշտոնում: ԽԾԲ-ական հերթական նշանակումը գալիս է ապացուցելու, որ Հայաստանի կառավարությունը դարձրել են քավոր-սանիկական և աներ-փեսայական, որտեղ պաշտոն կարող են ստանալ միայն իշխանական վերնախավի ներկայացուցիչների զավակները, փեսաներն ու սանիկները: Իհարկե, այս որոշումը վարչապետը միայնակ չի կայացրել, և այն համաձայնեցված է եղել ղեկավարության հետ, որը, փաստորեն, ողջունում է նմանօրինակ նշանակումները:
Ակնհայտ են բոլոր հիմքերը՝ համոզվելու համար, որ Հայաստանում միայն սանիկները, փեսաներն ու որդիներն են դառնում պաշտոնյա, ՀՀ-ում պաշտոն ստանում են միայն այս սկզբունքով, ինչը ևս մեկ քայլով հեռացնում է պետությունը ժողովրդավարական կառավարումից՝ ստեղծելով մի մեծ անդունդ, որը լցված է կողմնակալությամբ և ԽԾԲ-ական կապերով աթոռների նստած պաշտոնյաներով: