Լիոնի քաղաքապետը՝ Երևանի ավագանու նիստի միջադեպի մասին
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Երևանի ավագանու նիստի աղմկահարույց պատմությանը:
«Ես, իհարկե, ստացել եմ բողոք-նամակ, որը շրջանառության մեջ է դրվել՝ ուղղված Երևանի հետ քույր-քաղաքներին: Քույր-քաղաքների հետ որդեգրած ընդհանուր քաղաքականության համաձայն՝ պայմանավորվածություն կա չխառնվելու մյուս քաղաքի ներքին գործերին:
Ես, որքան տեղյակ եմ, դեպքի առնչությամբ գործ է հարուցվել և հետաքննությունը ընթացքի մեջ է: Իսկ եթե իսկապես ինչճոր հրեշավոր ու շատ արտասովոր բան տեղի ունեցած լիներ, ապա իմ և քաղաքապետի նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ, բնականաբար, այդ հարցը չէր շրջանցվի: Ամենավատը, իմ կարծիքով նմանօրինակ դեպքերում հարցի նման ձևով հանրայնացումն է, այլ կերպ ասած՝ «գովազդումը», որովհետև լինել բարեկամ, նշանակում է դեմ առ դեմ և բաց խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են այս կամ այն հարցերի շուրջ, այլ ոչ թե փորձել դրանց լուծում տալ ինչ-որ շրջաբերականների մակարդակով: Նման հարցերը պետք է լուծել դեմ առ դեմ նստած՝ քննարկելով»,- նշել է նա: